Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

ԵՎ ԻՄԱՑԱԾ ԸԼԵՍ` ԲԱԼԸ ԹԱՆԳ Ա

ԵՎ ԻՄԱՑԱԾ ԸԼԵՍ` ԲԱԼԸ ԹԱՆԳ Ա
28.01.2011 | 00:00

Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Իմ սիրելի որդի Գիքոր ջան։
Նախ և առաջ իմացած ըլես ու մանավանդ չլնեմ-չիմանամ, որ մտքովդ գեշ բան անցկացնես, թե հերդ նեղն է ընկել, դրա համար գրչակոթին ու թղթին է դիմել։ Չէ՜, որդի ջան, չէ։ Մի բան, սակայն, ճիշտ է, որ տեղներս շատ նեղ ա, և հին առաջվաներից էլ սաստիկ խարջը ուզում են, բայց նամուսի գերի մարդն իրեն թույլ չի տա, որ մտքով անցկացրածը լեզվով դուրս հանի կամ մանավանդ հանձնի թղթին, տղան էլ հեռավոր երկինքների տակ կարդա ու խիստ հուզվի։ Մենձացել եմ, ճիշտ է, բայց մեր աշխարհում Համբո-գիքորներին ծերանալ ու վերջ չկա։ Խելքս հացի հետ չեմ կերել ու մանավանդ հետ չեմ տվել ու դեռ լավ եմ հասկանում, որ մարդ ինչ օրն էլ ընկնի, իրեն անվերապահորեն թույլ չի տալու, որ օտարություն գնացած հարազատ որդուց փող ուզի։ Ես վաղուց մեր Թումանյանի տեսած Համբոն չեմ, ու դու էլ մանավանդ էն խեղճուկրակ Գիքորը չես։ Մնայիր էստեղ` ի՞նչ էիր դառնալու։ Գիքոր-Գիքոր մեծանալու, մի Համբո էլ դու էիր դառնալու։ Նախկին բոլոր գիքորները Թիֆլիսը դարձրել են մի մե՜նձ աշխարհ` սրտները ուր քաշում, էնտեղ էլ գնում են, միայն թե աշխատանք լինի ու փող դուրս գա։ Դու Թիֆլիսը դեսը թողիր ու հասար է՛լ Ռուսաստան, է՛լ Եվրոպա, Ամերիկան էլ դեսը թողիր։
Առաջներում սիրտս շատ ու շատ էր նեղվում, ասում էի` բա տանը մի երեխա չլիներ, ձեն տայի, ուղարկեի կովի, գառան, ձիու հետևից, մանավանդ որ իմ ծունկը հիմա չի բռնում։ Մեր բախտից էնպես պատահեց, որ թռչնագրիպ է, աֆրիկյան ժանտախտ է, թե ինչ կպցնովի բաներ են, եկան ու կպան է՛լ մեր հավերին, է՛լ մեր խոզերին, լավ էր` ձին գողացել էին, կովն էլ մեր պապ Համբոյի Ծաղիկ կովի նման Միրզանց գոմի փլիկովը ներքև ընկավ, սատկեց։
ՈՒժ չունեցանք մեր հողը մշակելու. խարջ է, որ ուզում են. հողը ղալբացել է` տված սերմն էլ հետ չի տալիս։ Տեղից վերկացողը տո՜ւր, հա՛ տուր է ասում։ Գյուղացի մարդը որ ապրանք չունենա, աշխատանք չունենա, ստիպված կդառնա խոսող։ Քաղաքներից եկող-գնացողներ կան, գազեթից, բանից մեկ-մեկ գյուղ է հասնում, դեռ մի երկու հոգի կարդացող ունենք, հեռուստացույց էլ ենք մտիկ անում, ռադիոընդունիչ էլ կա։ Դե, խավարի թագավորությանը վաղուց ենք հրաժեշտ տվել։ Լուսավոր դարում ենք ապրում։ Հետո ինչ, որ չենք կարողանում հոսանքի վարձը տալ, ջրի վարձը մուծել, հողի հարկը վճարել, բա որ ասում են գույքահարկ։ Դրա համար ստիպված զբաղվում ենք քաղաքականությամբ։
Ես քեզ բան չեմ ասում, որ գործիդ վրա չազդեմ։ Որտեղներից գալիս հարցուփորձ են անում, հարցնում` ի՞նչ պահանջարկ ունես։ Մի անգամ էլ շատ տնական հարցրին, թե` նախկին Համբոյի վիճա՞կն էր լավ, թե՞ անկախության, ազատության Համբոյի վիճակը։ Տասը մատս հերթով ծալել ու միանգամից վրա-վրա տված ասելը մեկ արի։ Շատ զարմացան, երբ ասի` մեր լիս անտառները չի կարելի խոտհարքի նման հնձել, լեռնալանջերը լերկանում են, ջրերը բարակում։ Ասին` քեռի Համբո, քո էդքան ասածների հախից չենք կարող միանգամից գալ, բայց մի երկու ցուլի ոտք կարող ենք կոտրել, եթե անդամագրվես մեր կուսակցությանը, որը մտածում է ժողովրդի ապագայի մասին։ Ասի` ներկայի մասին մտածենք, ապագայի մասին պապս էլ կմտածի։ Տվինք-առանք, համոզեցին։ Ես էլ անձամբ հասկացա, որ ձենը լինում է կուսակցական, և կուսակցական ձենը փող արժե։ Դրա համար ուզում ենք, որ ընտրություններ շա՜տ-շատ լինեն։ Մեզնից շահում է նա, ով իր ձենի գինը գլխից գիտի։ Գեղապետի ընտրություն լինի, թե նախագահի, ջրի բերած փողը փող է։ Փողը չվերցնես, նշանակում է քարին ջուխտ ոտով քացի տաս։ Մի յարա էլ դրանով ենք բուժում։
Մի՛ մեղադրիր, որդի ջան, հիմա էնպես է դարձել կյանքը, որ ամեն մեկը փորձում է իր գլուխը քորել։ Ապրելու, հաց ունենալու համար ոչ մեկի խելքն իրենը չէ։ Անգամ մահացածներն են մասնակցում ընտրությունների, չեն մոռացվում նրանք, ովքեր տասը-քսան տարի առաջ են հեռացել երկրից։
Հիմա դառնամ ինձ. ի՞նչ է, քո հերը չկա-չկա, մի հերվա կամ օխտը տարվա մեռելի չա՞փ էլ չկա, որ ընդհանուրի ջրաղացին մի մկան շեռ ջուր էլ ինքը տա։ Բոլոր իշխանավորները մի ճարովի խոսք են որդեգրել` հանուն մեր պետականության ամրապնդման։ Նվիրյալը մնում է նվիրյալ` ուզում է բերանում շունչ լինի, ուզում է վաղուց հանգած լինի։ Ինչպես մեծ պատերազմի ժամանակ շատ կանայք անգամ իրենց նշանի մատանին էին հանձնում` հանուն մեծ հաղթանակի, էնպես էլ մեր ոչ քիչ մեռյալներ իրենց թոշակները նվիրում են հարազատ կառավարությանը` երկրի մի ցավի ոտը կոտրելու համար։ Այո՛, որդիս, միայն կենդանիները չեն մտածելու բարգավաճ երկիր ունենալու մասին, և տեղին է հնչելու հարցը` սա մենք արեցինք, մեզ զրկեցինք ամեն ինչից, իսկ ինչ են մտածում պարապ-սարապ մեռելները։ Իրեն հարգող և ոչ մի մեռյալ մեզանում թույլ չի տա, որ կասկածի տակ դրվի իր նվիրվածությունն իշխանություններին։
Աշխարհում հեշտ բան չկա։ Հայտնի շատ երկրներ միանգամից չեն հզորացել ու հարստացել։ Մենք էլ մեր մեռել տեղով ու Համբո տեղով պետք է նպաստենք ամեն նորի ու առաջավորի։ Այ, հրաշալի է, երբ քեֆները ուզած ժամանակներում կազմակերպում են մարաթոններ։ Թող մարաթոն կազմակերպվի նաև մեռյալների աշխարհում։ Մեր շատ մեռյալներ ավելի հեշտությամբ ձեռքները գրպանները կտանեն, քան հայաստանյան հանրահայտ որոշ մեծահարուստներ. էդպես է եղել աշխարհիս բանը հնուց անտի։ Հանուն բարգավաճ երկիր ունենալու գաղափարի, և ոչ մի մեռել իր թոշակը չի պահի, այլ մեծագույն սիրով այն կնվիրի ժողովրդի և երկրի սիրով տապակվող կառավարությանը։
Գալով անձամբ մեր խնդիրներին, իմ սիրելի որդի Գիքոր ջան, ասեմ, որ քաջատեղյակ լինես ու չկտրվես հայրենի իրականությունից. էնպես պատահեց, որ 2010-ի տարեմուտին խռովություն ընկավ հայրենանվեր հավերի մեջ, և մեր թռչնաֆաբրիկաների հավերը որոշ ժամանակ ստիպված եղան պարսկական ձու ածել` կրկնակի թանկ։ Դրանից առաջ պանիրը թանկացավ։ Հացը թանկ է ու թանկ։ Հանրապետությանս վարչապետը խորին շնորհակալություն հայտնեց գյուղնախարարին չկատարած աշխատանքների համար և Գերասիմին փոխարինեց մի ուրիշ Գերասիմով, որի անունը Սերգո է, բայց ոչ Երիցյան։ Նաև իմացած ըլես, որ մենք ապրում ենք նաև մշակույթով, որովհետև տեղեկանք ունենք առ այն, որ մենք մշակութային հինավուրց ազգ ենք ու աջ ու ձախ հաղթել ենք մշակույթով։ Իմացած լինես, որ մեր երկիր ժամանեց Դոմինգոն, որը, ըստ լսողների ու տեսնողների, վերցրել է ընդամենը 300 հազար դոլար` զուտ որպես շաբաշ, որին հոնորար են ասում։ Ասում են նաև, որ նրա սեփական ինքնաթիռը պոլնի բաք վառելիք են լցրել, չհաշված արժեքավոր նվերները։ Գոհ են մնացել նրա հետ եկած «սառած տոլմա» երգչուհին, մնացած դոմինգոյականները։ Եվ երգիչը խոստացել է նորից գալ Երևան` երգելու, որովհետև մոլորակի վրա ուրիշ տեղ նման հյուրասեր ժողովուրդ չկա։
Ամփոփելով նամակս, իմ սիրելի որդի Գիքոր ջան, ասեմ, որ եղանակները լավ են, աղքատի ձմեռ է անում, ապրիլի 1-ից գազի գները կբարձրանան, և դա բնավ զարմանալի չէ, որովհետև մեզանում, բացի բալից, ամեն ինչը թանկացել է կրկնակի ու եռակի։
Ավելի մանրամասնորեն կգրեմ իմ հետայսու գրելիք նամակներում։ Ամեն։
Քո հարգարժան հայր Համբո
Հ. Գ. -Պիտի գրեի նաև, որ շա՜տ-շատ ջերմությամբ բարևում են մերոնք, մեծից փոքր, բայց ուր են, ամեն մեկը մի տեղի վրա փախած է։ Տունը տուն չէ, գյուղը գյուղ չէ, բայց, դե, մերն է, ով իր լավը մեզ կտա, մենք պիտի մեր վատը լավ դարձնենք ու զարմացնենք աշխարհին։
Նույնը` Համբո

Դիտվել է՝ 2034

Մեկնաբանություններ